April 23

«Ով իր մորթին փոխի` ջուխտ գնդակի կհանդիպի»

Նարեկ Գրիգորյան

Հին ժամանակ մի ագահ որսորդ է լինում։

Էդ որսորդը շատ քարայծեր ու ոչխարհներ է սպանում, բայց աչքը չի կշտանում։ Մի օր էլ կնոջն ասում է․

-Ես դրանց կենդանի պիտի բռնեմ։

Ասում է, հրացանն առնում է սար է բարձրանում, մի շատ խոշոր արու այծ է սպանում։ Տիկ է հանում էդ այծին, մտնում մորթու մեջ, ահագին եղջյուրներն էլ ամրացնում իր գլխին ու այդպես գնում լեռան ծերպերը, ուր քարայծերն էին թաքնվում։

Ժայռի տակով նա զգուշությամբ մոտենում է այծերի հոտին, էն մտքով, որ նրանց խաբի ու կենդանի-կենդանի բռնի։

Էդտեղ մի որսորդ դարան մտած՝ որսի է սպասելիս լինում։ Էդ որսորդը տեսնում է մի ահագին քարայծ կամաց-կամաց գնում է դեպի մառախուղի մեջ հազիվ երևացող հոտը։ Հրացանը մեկնում է, որ կրակի, մեկ էլ մտածում է․ «Շատ է մեծ, վայ թե մի գնդակով չընկնի»։

Իր հին հրացանի փողից մի մեծ կլոր գնդակ էլ է ներս գցում, շամփուրով ամրացնում և զույգ գնդակներն էլ արձակում է քարայծի վրա։ Կրակելուն պես մի մարդկային ճիչ է լսում։ Վազում տեսնում է, որ իր սպանածը մարդ է՝ այծի մորթու մեջ․․․

-Այ մարդ, ինձ ինչի՞ տակ գցեցիր,- գոչում է որսորդը սարսափած։

Այդտեղ այծի մորթով մարդը պատմում է իր ագահության ու խորամանկության մասին և հոգին փչում է։

Որսորդը նրան թաղում է, գերեզմանին մի տափակ քար է գցում ու վրան փորագրում հետևյալ խրատական ու իմաստալից խոսքը։

«Ով իր մորթին փոխի՝ զույգ գնդակի կպատահի»։


Posted April 23, 2024 by Նարեկ Գրիգորյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*